Ցուցարարները հրաժարվել են Հայաստանի նախագահի հետ հանդիպումից
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանում ընթացող բողոքի ցույցի մասնակիցները հրաժարվել են հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Ավելի վաղ հայտնել էին, որ ոստիկանությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքող ցույցի 5 մասնակիցներից մի խումբ կազմել, որը կհանդիպեր երկրի ղեկավարի հետ և կքննարկեր առկա խնդիրները։
Համակարգող խումբը հայտարարել է, որ հրաժարվում է նախագահի հետ հանդիպումից` առաջարկելով երկրի ղեկավարին ուղիղ եթերում հայտարարել ՀԾԿՀ–ի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու մասին։
Նախօրեին հանրապետության ղեկավարը պատրաստ էր ցուցարարների 3-4 հոգանոց խմբի ընդունել։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հղում անելով հանրապետության ոստիկանության ղեկավար Վլադիմիր Գասպարյանին, այդ մասին տեղեկացրել էր երթի մասնակիցներին, սակայն ակցիայի կազմակերպիչները մերժել էին այդ առաջարկը։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:36 24.06.2015