Ցուցարարները հասան Բաղրամյան 26` ՀՀ վարչապետի նստավայր
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/.Ցուցարարները քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակից հասան Բաղրամյան 26, որտեղ գտնվում է ՀՀ վարչապետի նստավայրը։
Նախօրեին ողջ Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում են Ազգային ժողովի շենքը և վարչապետի նստավայրը, փակ էր ոստիկանների կողմից, անցկացված էին նաև փշալարեր։ Երեկոյան, սակայն, պողոտան բացվել էր։ Չորեքշաբթի առավոտյան ցուցարարները կրկին փակեցին Ֆրանսիայի հրապարակն ու հարակից փողոցները, այնուհետև շարժվեցին Բաղրամյան պողոտայով։
Նրանք անարգել հասան Բաղրամյան 26, որտեղ արդեն ոստիկանները շղթան էին կազմել։
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում իր համախոհներին չգնալ բախումների և չվնասել պետական գույքը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է հեղափոխություն իրականացնել առավելագույն կարճ ժամկետներում։
«Հեղափոխությունն արդեն սկսվել է, և մենք ունենք ողջ ժողովրդի համազգային աջակցությունը, ինչի մասին վկայում է նախօրեին տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքը», – ասաց Փաշինյանն ու ավելացրեց, որ համացանցում առցանց դիտումների թիվը հասնում է մի քանի միլիոնի։
Նա նաև ընդգծել է, որ բոլոր ակցիաները ֆինանսավորում են ՀՀ քաղաքացիները` սփյուռքի աջակցությամբ։ Միաժամանակ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում կհրապարակի բոլոր ֆինանսական հաշվետվությունները։
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա, Փաշինյանի խոսքով, դրանք արդեն քննարկվել են, և նա կներկայացնի այդ քայլերն այսօր ժամը 19։00–ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքի ժամանակ։
Փաշինյանի նաև կոչ արեց ոստիկանությանն ազատել բերման ենթարկված ակտիվիստիներին, ովքեր կասկածվում են Հանրային ռադիոյի շենքի վրա հարձակման մեջ։–0–