Դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
27.07.2018,
13:57
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վերսկսել է լսումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վերսկսել է լսումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար։
ԶԼՄ–ները հայտնում են, որ նա մուտք է գործել դատարան ծառայողական մուտքով։
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26–ին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարանի նիստը նախօրեի ժամը 22։00–ից հետաձգվել էր ժամը 01։30, այնուհետև` ուրբաթ 11։00։Ռոբերտ Քոչարյանը որպես վկա կանչվել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն 2008 թ.–ի մարտի 1–ի գործով։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այն ժամանակ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ Գործով մեղադրյալ է ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց:-0-