Рейтинг@Mail.ru
USD
399.59
EUR
420.17
RUB
3.75
GEL
139.96

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ԵԽԽՎ-ում հակահայկական 2 բանաձևերից մեկի մերժումը հաղթանակ է համարում

27.01.2016, 14:28
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը ԵԽԽՎ-ում հակահայկական 2 բանաձևերից մեկի մերժումը հաղթանակ է համարում:
 ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը ԵԽԽՎ-ում հակահայկական 2 բանաձևերից մեկի մերժումը հաղթանակ է համարում
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ–Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը ԵԽԽՎ-ում հակահայկական 2 բանաձևերից մեկի մերժումը հաղթանակ է համարում:

ԵԽԽՎ–ն երեքշաբթի մերժել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» հակահայկական բանաձևը։

«Քննարկվում էր Հայաստանի համար երկու ոչ հաճելի, կոշտ բանաձև, որոնցից մեկը հաջողվեց օրակարգից հանել, սա արդեն կարելի է հաղթանակ համարել: Ցավոք, տեղյակ եք ԵԽԽՎ-ի ընդհանուր իրավիճակին, գիտեք հայկական կողմի դիրքորոշումը, որոշակի իմաստով նույնպես կոշտ դիրքորոշում, և տվյալ բանաձևի նկատմամբ վերաբերմունքը: Չհաջողվեց հանել օրակարգից, բայց ես կարծում եմ, որ սա արդեն մեծ ձեռբերում է, որ մյուս բանաձևն ամբողջությամբ հանվեց օրակարգից»,-ասաց Սորոկինը:

«Ես կարծում եմ, որ ԵԽԽՎ-ն ինչ որ հատուկ ուղի է բռնել, որն անտեսում է բոլոր սկզբունքները, այդ թվում ԵԱՀԿ սկզբունքների վրա հիմնվածները»,-ավելացրեց նա:

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն հստակ հայտարարել է, որ իր հիմնական խնդիրն է հիմնախնդիրը կարգավորել Մինսկի խմբի շրջանակում:

«Ինչպես գիտեք, Գերմանիան (ԵԱՀԿ գործող նախագահ) Մինսկի խմբի համանախագահ է, և այն ավելի ակտիվ կմասնակցի հակամարտ իրավիճակների կարգավորմանը»,-ասաց Սորոկինը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-