Երևի փակենք բոլոր նախարարությունները. Փաշինյանը կատակել է
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի նիստին կիսակատակ առաջարկել է փակել բոլոր նախարարությունները և թողնել միայն գյուղատնտեսության նախարարությունը:
Կառավարության նիստին ՀՀ գյուղատնտեսական նախարարությունը ներկայացրել է միանգամից մի քանի հարցեր գյուղատնտեսական ոլորտում արտոնություններ, նպաստներ և այլ ծրագրել տրամադրելու վերաբերյալ: Գյուղատնտեսական ոլորտի քննարկումները տևեցին գրեթե 1,5 ժամ:
Ներկայացնելով քննարկման հաջորդ հարցը և պարզելով, որ այն կրկին ներկայացնում է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը` Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված նման ակտիվությունը:
«Էս ինչից է, որ գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ է կապված, որ վերջին ամիսներին գյուղնախարարությունը այսքան ակտիվ է, թե փակման հետ է կապված: Ոնց որ փակենք հա բոլոր նախարարությունները: Սենց տեմպերով կառավարությունը չի հասցնում արդեն գյուղնախարարության հետևից հասնի», - ասաց վարչապետը:
Ըստ կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների, Գյուղատնտեսության նախարարությունը կվերակազմավորվի և կներառվի Էկոնոմիկայի նախարարության կազմում` դադարելով գործել որպես առանձին կառույց:
Վերջին մեկ ամսում կառավարությունը հաստատել է գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման և վարկավորման գրեթե 11 ծրագիր, այդ թվում`այլ նախագծեր վնասատուների դեմ պայքարին և անասնաբուժական ոլորտի զարգացմանն աջակցելու համար:-0-