Հակառակորդը կրակ է արձակել Թալիշում բերքահավաք իրականացնող գյուղացիների ուղղությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը պարբերաբար հրաձգային զինատեսակներից սկսել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ թիրախ ընտրելով սահմանին մերձակա գյուղատնտեսական նշանակության տարածքներում աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, այսօր` ժամը 14:10-ի սահմաններում, նման միջադեպ է արձանագրվել Թալիշ գյուղի մերձակա տարածքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ժամանակ, ինչի հետևանքով տուժածներ չեն եղել:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հրաժարվել իր սադրիչ գործողություններից և չթիրախավորել գյուղատնտեսական աշխատանքներին ընդգրկված խաղաղ բնակչությանը, այլապես ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», – նշվում է ԼՂՀ ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։ –0–