Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երկուշաբթի կհանդիպեն Վիեննայում
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության հարցերը։
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:20 18.11.2013