Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները նշել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի մեծ ներուժը

29.11.2013, 18:04
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպում են ունեցել Վիլնյուսի  Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Զրույցի ընթացքում կողմերը նշել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի մեծ ներուժը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները նշել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի մեծ ներուժը
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպում են ունեցել Վիլնյուսի  Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Զրույցի ընթացքում կողմերը նշել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի մեծ ներուժը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կարևորել են նաև ակտիվորեն զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում հաջողությամբ զարգանում են հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում ներդրումների ծավալով Ֆրանսիան ԵՄ երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին` ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն զգալիորեն նպաստում են հաճախակի փոխայցելությունները, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակներում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հայաստան կատարած ֆրանսիական օտարերկրյա ուղիղ ներդրումները, ըստ ԱՎԾ տվյալների` 2013թ.–ի 9 ամսում կազմել են 41 մլն դոլար։–0–