Հայերը վերածնվել են որպես ազգ և որպես պետություն. Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձի մեջ արձանագրել է հայ ժողովրդի բացառիկ միասնականությունը և կամքը` կառուցել ազատ, խաղաղ և ժամանակակից երկիր:
Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը>>
«Այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք արձանագրում ենք մեր ժողովրդի բացառիկ միասնականությունն ու կամքը՝ կառուցելու ազատ, խաղաղ ու ժամանակակից երկիր, համայն հայության հզոր հայրենիք, ուր վերադառնում են Հայոց ցեղասպանության զոհերի և հրաշքով փրկվածների սերունդները», - հայտարարել է երկրի նախագահը:
Սարգսյանը նշել է, որ «այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը»:
«Մեծ եղեռնից անցել է արդեն մեկ դարից ավելի: Ի՞նչ է փոխվել: Առաջինը՝ փոխվել ենք մենք: Մենք վերածնվել ենք որպես ազգ և որպես պետություն: Մենք ապացուցել ենք մեզ և աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել են», - ասել է նախագահը` ընդգծելով, որ արդարության հաղթանակի համար հայերի պայքարը շարունակվում է:
«Ի՞նչ չի փոխվել: Չեն փոխվել պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը և թշնամական վերաբերմունքը հայկական ամեն ինչի հանդեպ: Սա հանցագործության ուղղակի շարունակությունն է արդեն մեր օրերում: Մասամբ փոխվել է թուրքական հասարակությունը: Այսօր նա իր պատմության մասին գիտի ավելին, քան գիտեր երեկ: Վաղը իմանալու է ավելին, քան գիտի այսօր, եթե իհարկե չխեղդեն ազատ խոսքն ու մամուլը, չգնդակահարեն և չձերբակալեն պատգամավորների, հասարակական գործիչների ու խմբագիրների: Ճշմարտությունը, թեև դանդաղ, բայց բացում է մարդկանց աչքերը», - ընդգծել է Սարգսյանը:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-