Հայաստանն ինքնուրույն է որոշումներ կայացնում այս կամ այն միությանը միանալու վերաբերյալ. ԱՄՆ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ինքնուրույն է որոշումներ կայացնում այս կամ այն կառույցին միանալու վերաբերյալ, ուրբաթ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը` մեկնաբանելով Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Աշոտ Մանուչարյանի հայտարարությունը։
Մանուչարյանը սեպտեմբերի 14–ի մամուլի ասուլիսում կարծիք էր հայտնել, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին որոշումն ընդունվել է ԱՄՆ–ի ճնշման տակ, և որ Հայաստանի ղեկավարությունն ամբողջովին այդ գերտերության ազդեցության տակ է գտնվում։
«Ես կասեմ այնպես, ինչպես պատասխանել եմ իմ վերջին հարցազրույցներից մեկում` Հայաստանն ինքն է իր որոշումներն ընդունում այդ հարցով, իսկ ԱՄՆ–ն, Հայաստանի բարեկամներն ու գործընկերները կշարունակեն նրա հետ աշխատել»,– ուրբաթ լրագրողներին ասաց Հեֆերնը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ Սակայն եվրապաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրման այդ երկու ձևաչափերն անհամատեղելի են։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:05 27.09.2013