Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները. Նալբանդյան

05.02.2014, 19:48
Փետրվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Նախարար Նալբանդյանը կարևորել է ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել է, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքն առ այն, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները: Այդ համատեքստում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը համակարծիք է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ պետք է լիարժեք իրագործել 1994 թ. մայիսին հաստատված զինադադարի և 1995 թ. փետրվարին զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնությունները և կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-