Պաշտոնանկության է պատրաստվում Անվտանգության խորհրդի քարտուղարը
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այն, որ Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային բազմաթիվ խնդիրներ կան, ակնհայտ դարձան պաշտոնավարման 100 ու մի քանի օրվա ընթացքում, գրում է «Հայոց աշխարհ» օրաթերթը:
Դրանք մինչ այս հիմնականում դրսևորվում էին տարբեր օգնականների, խորհրդականների նշանակում-ազատումների տեսքով, չհաշված սոցհարցերի նախարարի ձևական հրաժարականը: Բայց կարծես նոր կադրային տեղաշարժեր են սպասվում:
«Համենայն դեպս մեր ունեցած տեղեկություններով պաշտոնանկության է պատրաստվում նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը», – գրում է թերթը:
Ի սկզբանե ակնհայտ էր, որ նա չի համապատասխանում պաշտոնին և այս ընթացքում իրականում որևէ լուրջ նախաձեռնությամբ կամ հայտարարությամբ հանդես չի եկել, որևէ օգտակար աշխատանք չի իրականացրել:
«Մեր աղբյուրների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանն արդեն այդ պաշտոնը խոստացել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, որն ակտիվորեն և ագրեսիվ դիրքավորմամբ սատարում է կառավարությանն ու վարչապետին թե՛ մամուլում, թե՛ ֆեյսբուքում, թե՛ հրապարակային այլ հարթակներում», – նշում է թերթը:
Նրա հնարավոր նշանակման և Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության մասին շշուկներն արդեն իրարանցում են առաջացրել իշխանության, այսպես ասած «սորոսական» թևում, որն առանց այդ էլ օրերս մեծ հարված կրեց Արսեն Խառատյանի պաշտոնանկությամբ։–0–