Рейтинг@Mail.ru
USD
394.31
EUR
413.87
RUB
3.81
GEL
138.84

Մերքել. «Յոթնյակի» առաջնորդները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումներ չեն ընդունել

05.06.2014, 11:16
Բրյուսելի գագաթնաժողովում յոթ առաջատար արդյունաբերական երկրները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որոշում չեն ընդունել։ Այդ մասին հայտնել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերքելը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ–ը։
Մերքել. «Յոթնյակի» առաջնորդները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումներ չեն ընդունել
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Բրյուսելի գագաթնաժողովում յոթ առաջատար արդյունաբերական երկրները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որոշում չեն ընդունել։ Այդ մասին հայտնել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերքելը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ–ը։

«Ուկրաինայում նախագահի ընտրություն անցկացվեց։ Մենք մտադիր ենք Նորմանդիայում ՌԴ նախագահի հետ առաջիկա հանդիպումներում նրան Ուկրաինայում սրացումը թուլացնելու անհրաժեշտության մասին ահազանգ ուղարկել։ Եթե դա տեղի չունենա, ապա ապագայում մենք կրկին կքննարկենք երրորդ փուլի (առևտրատնտեսական սահմանափակումներ ՌԴ տնտեսության առանձին հատվածների դեմ` ԻՏԱՌ ՏԱՍՍ)»,– նշել է Մերքելը։

Ըստ նրա, յոթ առաջատար արդյունաբերական երկրները պայմանավորվել են Բրյուսելի գագաթնաժողովում քննարկել երեք առանցքային հարցեր Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը։

ԳԴՀ կանցլերի խոսքով` նախևառաջ, նրանք մտադիր են կարևորել, որ Ռուսաստանն Ուկրաինայում «սրացումը թուլացնելու քայլեր» ձեռնարկի։ Երկրորդ, կոչ անել Ռուսաստանին կապ հաստատել Ուկրաինայի նախագահի հետ։ Երրորդ` դիմել Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում կամավորների և զենքի ներհոսքը կանխելու խնդրանքով։

Պատասխանելով լրագրողների` հետագա պատժամիջոցների մասին հարցերին, Մերքելն ընդգծել է, որ այդ հարցը «լրացուցիչ քննարկում և իրավիճակի վերլուծություն է պահանջում»։

«Այսօրվա հանդիպումը նվիրված էր ոչ այնքան Ռուսաստանի հետ հարաբերություններին, որքան Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանավեճին, սահմանադրական բարեփոխության անցկացմանը, փոքրամասնությունների իրավունքների ապահովմանը, և մենք մտադիր ենք երկրում իրավիճակի կայունացման ապահովման կառուցողական ուղիներ փնտրել»,– եզրափակել է Մերքելը։

ՌԴ  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հաստատել էր, որ Պուտինն առանձին զրույցներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերքելի հետ։ Բայց, ըստ նրա, հանդիպումներ չեն նախատեսվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։ Այնուամենայնիվ, «հիշատակի միջոցառումների մասնակիցները կլինեն միասին, մեկ խմբում», ինչը չի բացառում «ոտքի վրա» հնարավոր զրույցը հրավիրվածներից մեկի հետ։ «Ոչ ոքից փախչել չեմ պատրաստվում»,– հավաստիացրել է պետության ղեկավարը, խոսելով առաջիկա այցի և գործընկերների հետ շփման մասին։

Նորմանդիայում դաշնակից զորքերի տեղակայման 70–ամյակի տոնակատարությանը հրավիրված են բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ։ Իրենց այցը հաստատել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը։ -0-