Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է

12.06.2019, 16:23
Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է:
Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 14-ին: Այս մասին չորեքշաբթի հայտարարեց դատավոր Արմեն Դանիելյանը:                                              

Նիստը հետաձգվել է, քանի որ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել դատավոր Դանիելյանի ինքնաբացարկի մասին։ Ալումյանը հայտարարել է, որ կասկածելի են համարում դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու վերաքննիչ բողոքների մակագրումը հենց Արմեն Դանիելյանին։ Նույն միջնորդությամբ դատավորին դիմել է նաև նախկին նախագահ Քոչարյանը:

«Նման կասկածներն անհնար է սպառել առանց ինքնաբացարկի: Բոլոր հանգամանքները ներկայացված են բավականին մանրամասն: Ծանոթ եմ քննիչի նյութերին և կարող եմ ասել, որ դրանք «նկարած են»: Կարծում եմ, որ եղել է համակարգչային միջամտություն, ինչը հանցագործություն է: Եվ անգամ տարիներ անց այդ միջամտության հետքերը կպահպանվեն համակարգչում և հնարավոր կլինի իմանալ կատարվածի մասին», - ասաց նա:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին միջնորդությունն անվանել է անհիմն` նշելով, որ փորձ է արվում անլրջություն հաղորդել վերաքննիչ բողոքն ուսումնասիրելու գործընթացին։

«Ցանկանում եմ հիշեցնել, որ միջամտությունը դատավորի ընտրության գործին նախատեսում է քրեական պատասխանատվություն: Հույս ունեմ, որ մեր գործընկերները կներկայացնեն համապատասխան նյութեր, որոնք կապացուցեն իրենց հայտարարությունը նման հանցանքի վերաբերյալ: Անթույլատրելի է ընդհատել դատավարությունը միայն կասկածների պատճառով», - ասաց նա:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ 2018 թվականի հուլիսի 30–ին ՀՔԾ քննիչի որոշմամբ, նրա ամբողջ գույքի վրա արգելանք է դրվել։ Քոչարյանի պաշտպանները դատախազությունում բողոքարկել են տվյալ որոշումը, բայց բողոքը մերժվել է, ինչից հետո պաշտպանական կողմը դիմել է դատարան։ Արգելանք է դրվել նաև Քոչարյանի կենսաթոշակային հաժվի վրա, որը, սակայն, հանվել է Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով։-0-