Սահմանին իրավիճակի սրմամբ Ադրբեջանը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից. ՀՀ պաշտպանության նախարար
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ ունի, և սահմանին իրավիճակի նպատակաուղղված սրումը հասարակության ուշադրությունն այդ խնդիրներից շեղելու միջոցներից մեկն է, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում։
«Այդ երկրում, ինչպես հայտնի է, իրական և շատ լուրջ խնդիրներ կան` կապված մարդու իրավունքների, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների և այլնի հետ։ Իրավիճակի սրումը Ադրբեջանը նաև օգտագործում է որպես միջազգային կառույցների վրա ճնշման միջոց, իբր տեսեք սահմանի լարվածությունն աճում է, այնպես որ եկեք ավելի արագ լուծենք ղարաբաղյան հակամարտությունը», – ընդգծել է Օհանյանը։
Նա կարծում է, որ իրավիճակի մշտական սրումը քաղաքական համատեքստում նպատակ ունի նաև ազդել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հետ կապված միջոցառումների վրա։
Նշելով, որ հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակը մնում է լարված և շիկացած մթնոլորտը մշտապես աճում է` Օհանյանն ընդգծել է, որ այս հարցում շատ բան է դեր խաղում, այդ թվում` գլոբալ քաղաքական, ֆինանսա–տնտեսական, տարածաշրջանային գործոնները։
«Ի դեմս Ադրբեջանի` մենք ունենք հարևան, որը փորձում է և պատրաստ է օգտագործել ցանկացած, առանձին վերցրած գործոն և ընդհանուր ամեն ինչ` լարվածության աստիճանը բարձրացնելու համար», – ասել է նա։
Հունվարի սկզբին սրվել է իրավիճակն Ադրբեջանի և Ղարաբաղի զորքերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին։ Գրեթե ամեն օր տեղեկատվություն է ստացվում, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, գնդակոծել է հայկական դիրքերն ու դիվերսիոն փորձեր է կատարել։
«Ակնհայտ է նաև, որ փորձ է արվում ազդել Հայաստանի ներքաղաքական, տնտեսական գործընթացների վրա, ակնհայտ է արտագաղթի ալիք հրահրելու ձգտումը։ Մեր կողմից զիջման հասնելու նպատակով Ադրբեջանի կողմից օգտագործվող շանտաժի մեթոդները բացարձակապես անհեռանկարային են», – ասել է Օհանյանը։
Նրա խոսքերով` սա անհաջող հաշվարկ է, քանի որ, ինչպես ցույց տվեցին, մասնավորապես, նախորդ տարվա օգոստոսյան իրադարձությունները, նման փորձերն անհաջող են անցնում Ադրբեջանի կողմից, իսկ հայկական հասարակությունն էլ ավելի է համախմբվում և բանակից պահանջում կոշտ պատասխան։
«Վերադառնալով Ադրբեջանի կողմից լարվածության սրման պատճառներին` հարկ է նշել ֆինանսա–տնտեսական գործոնը, որը կապված է նավթի գների անկման հետ։ Դրա պատճառով Ադրբեջանն արդեն չի կարող իրագործել բազմաթիվ ծրագրեր իր տարածքում, և սահմանի լարվածությունը կրկին գործուն միջոց է ադրբեջանական հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար», – ասել է Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի կարծիքով` ուժերի հավասարակշռությունը շուտով կարող է Հայաստանի կողմն անցնել, և ադրբեջանցիներն ամեն գնով փորձում են օգտագործել ներկա պահը։
«Իսկ հետո նրանց երբեմն թվում է, թե նրանք պատրաստ են պատերազմի։ Այս ամենն իրար հետ արտահայտվում է մշտական գնդակոծությունների, հրադադարի ռեժիմի խախտման և սահմանին դիվերսիոն փորձերի տեսքով։ Սակայն ասեմ, որ հոխորտանքը կտրուկ նվազում է, երբ մենք արժանի պատասխան ենք տալիս։ Իսկ մենք նման պատասխան տալիս ենք», – ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն էլ շուրջ 25-30 հազար զոհ տվեց, մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:20 17.03.2015