Որոշակի գործոններ վտանգ են ներկայացնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանի ներքաղաքական տրամադրվածությունները և այլ գործոններ վտանգ են ներկայացնում գործող Սահմանադրության որոշակի կարգավորումներում, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
«Տեսեք՝ ես ուզում եմ ուղղակի զուտ Սահմանադրությունը ցիտել, իսկ մինչ այդ՝ ասեմ, որ մեր Սահմանադրությունում՝ գործող Սահմանադրությունում, կա իրավունքի և պատասխանատվության անհամաչափություն: Ընդամենը երեք օրինակով կփորձեմ խոսել վտանգի ու նաև խոչընդոտների մասին: Սահմանադրության երրորդ գլխում, որտեղ ամրագրված են Հանրապետության նախագահի կարգավիճակը, լիազորությունները և գործառույթները, մենք կարդում ենք հետևյալը. Հոդված 49՝ Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: «Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Եվ հաջորդ պարբերությունը՝ «Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է»,-ասել է Սարգսյանը:
Հետո նա մեջբերել է այն հոդվածը, որտեղ ամրագրված են Հանրապետության Նախագահի լիազորությունները: Դա 55-րդ հոդվածն է, և 55-րդ հոդվածի 12-րդ կետում գրված է. «Հանրապետության Նախագահը զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում:
«Ուշադրություն դարձրեք բառին՝ համակարգում է, ոչ թե ղեկավարում, այլ համակարգում է: Ասացեք խնդրեմ, համակարգելով Հանրապետության նախագահը ինչպե՞ս կարող է անվտանգություն ապահովել: Ես ուզում եմ մի կոնկրետ օրինակ բերել և այս օրինակի վրա ցույց տալ այն վտանգը, որ կարող է սպառնալ, իսկ հիմա մեր իրավիճակն այնպիսին է, որ մեր անվտանգությանն այդ սպառնալիքի հավանականությունը շատ մեծ է: Մի պահ պատկերացնենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններում հաղթել է մեր քաղաքական ուժերից մեկը, որի ծրագրային դրույթները, իմ խորին համոզմամբ, հակասում են մեր պետական շահերին: Ես չեմ ասում լավ է, թե վատ, ասում եմ՝ իմ համոզմամբ»,-ասել է Սարգսյանը:
Նա առաջարկել է պատկերացնել, որ քաղաքական ուժն ընտրություններում հաղթելուց հետո պետք է իր ղեկավարին կամ մարդուն, որին իրենք վստահում են, նշանակեն վարչապետ, որը պետք է հաստատվի հանրապետության նախագահի կողմից, հետո ձևավորվեց կառավարություն և սկսեց իրականացնել իր ծրագրային դրույթները:
« Հիմա ենթադրենք այդ քաղաքական ուժը նույն «Ժառանգություն» կուսակցությունն է: Ի՞նչ է ասում «Ժառանգություն» կուսակցությունը: Ասում է՝ անհապաղ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Կառավարությունը որոշում կկայացնի, օրենքի նախագիծ կուղարկի Ազգային ժողով, Ազգային ժողովը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, և համաձայն մեր Սահմանադրության, այդ օրենքը կգա նախագահական: Ես պարտավոր եմ 21-օրյա ժամկետում վավերացնել այդ օրենքը կամ էլ առարկություններով ետ ուղարկել Ազգային ժողով»,-ասել է նախագահը:
Նրա խոսքով,ընտրություններում հաղթող կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է, կհաղթահարի վետոն և նորից կուղարկի նախագահական և նախագահը պարտավոր է 5-օրյա ժամկետում վավերացնել:
«Բայց ի՞նչ է նշանակում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Դա նշանակում է՝ պատերազմ հայտարարել Ադրբեջանին, որովհետև, եթե դու պաշտոնապես ճանաչում ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այլևս ի՞նչ բանակցություններ, իսկ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Երկրորդ՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նկատմամբ, որովհետև համանախագահները նրանք են, նրանք արդեն 23 տարուց ավելի միջնորդներ են, բանակցություններ են վարում: Եվ բնական է, որ այդպիսի վերաբերմունքը նրանց համար շատ տհաճ պետք է լինի»,-ասել է Սարգսյանը:
Նա անդրադարձել է նաև «Ժառանգության» օրենսդրական առաջարկին, որ վերաբերվում է Թուրքիայից Արևմտյան Հայաստանի տարածքների պահանջին:
«Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ մի պատերազմ էլ հայտարարել Թուրքիային»,-ասել է Սարգսյանը:
Նույնը, նրա կարծիքով, հարկերի կրճատման և աշխատավարձերի ու թոշակների բարձրացման առաջարկությունն է:
«Իսկ մենք որտե՞ղ ունենք փող: Մենք փող ունենք միայն բյուջեում, որը համալրվում է միայն ու միայն հարկերով, և այդ բյուջեի մի ահռելի մասը մենք հատկացնում ենք մեր անվտանգությանը, հիմնականում՝ պաշտպանությանը: Այսինքն` ինչ է դուրս գալիս. պաշտպանության հնարավորությունները սահմանափակենք, կրճատենք միջոցները, պատերազմ հայտարարենք Ադրբեջանին, Թուրքիային, և պատասխանատվությունը այդ դեպքում ու՞մ վրա: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին, անվտանգությունն ապահովի Սերժ Սարգսյա՞նը: Դա տրամա¬բա-նակա՞ն է: Անտրամաբանական է, հասկանու՞մ եք».-ասել է Սերժ Սարգսյանը:
Շարունակելով դիտարկել խնդիրը երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման խնդիր չէր առաջանա, եթե կառավարությունը, այսինքն՝խորհրդարանական մեծամասնությունը և հանրապետության նախագահը նույն քաղաքական ուժի ներկայացուցիչները լինեին: Իսկ եթե տարբեր քաղաքական ուժեր են, ապա հարցը պետք է կարգավորվի. առճակատմամբ:
«Այսինքն` մի կողմից պատերազմական իրավիճակ, մյուս կողմից՝ առճակատում երկրի ներսում: Ո՞նց եք դա պատկերացնում: Սա իրական սպառնալիք է մեր անվտանգությանը: Ուզում եմ, որպեսզի այդ սպառնալիքը չեզոքանա, ուզում եմ, որպեսզի պատասխանատվությունը լինի այնտեղ, որտեղ իրավունքներն են: Սա՝ մեկ (...) Հանրության մեջ այդպիսի ընկալում կա չէ՞, որ բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյանում՝ Բաղրամյան 26-ում, նաև՝ տնտեսության հետ կապված: Եթե մարդը պատասխանատու չի զգում իր կայացրած որոշման համար, այդ որոշման կայացումը վերագրում է ուրիշին, ապա նա երբեք չի կարող հետևողական լինել»,-ասել է նախագահը:
Նա համարում է, որ դեկտեմբերի 6-ին պարզ կդառնա պետք է արդյոք մեր ժողովրդին այս փոփոխությունները:
«Ուրեմն, այլ ճանապարհով կգնանք. հանրաքվեի նորմալ անցկացումը, օրինականության սահմաններում անցկացումն է մեր գերխնդիրը, ոչ թե սոսկ բարեփոխումների անցկացումը: Փոփոխությունների անցկացումը կյանքի և մահու խնդիր չի, և ընդհանրապես, որևէ քվեարկություն ինձ համար այդպիսին չի եղել: Եթե հիշում եք, երկու նախագահական ընտրությունների ժամանակ էլ ասել եմ, որ սա կյանքի ու մահու պայքար չի, և ընտրություններին հաջորդելու են նոր օրեր»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսված է դեկտեմբերի 6-ին:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:09 03.12.2015