ԵԽԽՎ-ի կողմից հակահայ բանաձևերից մեկի ընդունումը որևէ կերպ չի ազդի ղարաբաղյան գործընթացի վրա. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հակահայ բանաձևի ընդունումը որևէ կերպ չի ազդի ղարաբաղյան գործընթացի վրա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկած հունվարյան նստաշրջանի ժամանակ 98 կողմ, 71 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայ՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» վերնագրով զեկույցը: Միաժամանակ, ԵԽԽՎ-ում 66 «կողմ» 70 «դեմ» և 45 «ձեռնպահ» ձայներով և ծափահարություններով չընդունեց Ռոբերտ Ոուլթերի `«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:
«Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը որևէ կերպ չի ազդի, բացի տեղեկատվական քարոզչության առումով, ղարաբաղյան գործընթացի վրա: Այն չի ազդի ոչ բանակցային գործընթացի, ոչ էլ նրա դինամիկայի վրա»,-ասաց Մինասյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային
Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:58 26.01.2016