Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Տաճարականների (թամփլիեր) ուխտը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արձանագրություն է ստորագրել

16.05.2015, 15:02
Մոտ 30 տաճարականներ 10 երկրներից Թամփլիերների ուխտի անունից Երևանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին արձանագրություն են ստորագրել։
Տաճարականների (թամփլիեր) ուխտը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ արձանագրություն է ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Մոտ 30 տաճարականներ 10 երկրներից Թամփլիերների ուխտի անունից Երևանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին արձանագրություն են ստորագրել։

«Այսօր մենք հրավիրել ենք մոտ 30 ասպետրների 10 երկրներից, նամակներ ենք ստացել ևս 15 պետություններից։ Մեր եղբայրներն ու քույրերը ժամանել են հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին»,– ասել է Կիլիկիայի Թագավոր Լևոն Մեծագործի Անվան Երուսաղեմի Տաճարի Ինքնիշխան Ռազմական Միաբանության (Թամփլիերների հայկական ուխտ) Գերագույն հրամանատար Բագրատ Լալայանը։

Նրա խոսքով, այս պահին Թամփլիերների հայկական ուխտն այս պահին հասարակական կազմակերպություն է, որը շարունակում է պաշտպանել քրիստոնեական հավատքը, սատարել պետությանը` լինելով Հայկական եկեղեցու կողքին։

«Այսօր մեր ուխտը շարունակում է այն ավանդույթները, որոնք եղել են 1000 տարի առաջ։ Հայ տաճարականները հրավեր են ստացել Հռոմի Պապից և մասնակցել Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։ Այսօր Ուխտի գործունեությունն ուղղված է մեր պետականության օժանդակությանը, Կիլիկիայի թագավորության ավանդույթների պահպանմանը»,– ասաց Լալայանը։

Խոսելով Ուխտի պատմության մասին` նա նշեց, որ, թեև 1307 թվականին ուխտի Մեծ մագիստրոս Ժակ դը Մոլեին այրել են խարույկի վրա, մահից առաջ նա հասցրել է իր լիազորությունները փոխանցել Ժակ Լ'Արմենիուսին, ում մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։

«Իմանալով, որ նա Կիպրոսից էր և հաշվի առնելով նրա ազգանունը` մենք ենթադրում ենք, որ նա հայկական արմատներ ուներ»,– նշեց Լալայանը։

Մեծ հրամանատարի խոսքով, թամփլիերների թիվը ողջ աշխարհում կազմում է շուրջ 20-25 հազար մարդ, Հայաստանում նրանք մոտ հարյուր հոգի են։ Նա ընդգծեց նաև, որ Ուխտը որևէ կերպ կապված չէ մասոնության հետ։

Ինքնիշխան Ռազմական Միաբանության սենեշալ Միքայել Մադաթյանն իր հերթին նշեց, որ 19–րդ դարում Հռոմի Պապը կրկին ճանաչել է Ուխտի գոյության իրավունքը, իսկ Հովհաննես Պողոս Երկրորդը պաշտոնապես ներողություն է խնդրել կազմակերպությունից։

«Այսօր թամփլիերները ճանաչված են իրենց լիազորություններով։ Ուխտի անդամ կարելի է դառնալ 21 տարեկանից, այդ թվում` աղջիկները»,– ասել է նա։

Թամփլիեր ասպետները ծաղիկներ են դրել Ծիծեռնակաբերդում, այցելել են Ցեղասպանության թանգարան–ինստիտուտ, որտեղ և ստորագրվել է արձանագրությունը։ Դրանից հետո թամփլիերները եղևնի են տնկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշողության պուրակում։

Այս պահին աշխարհում կա մոտ 20 000 թամփլիեր ասպետ, իսկ Ուխտի հրամանատարությունները գործում են ավելի քան 40 երկրներում։ Ուխտի գերագույն հրամանատարը Ֆերնանդո Ֆոնտես Սոուզա դը Պերեիրան։

Հայաստանում Թամփլիերների Գերագույն հրամանատարոևւթյունը պաշտոնապես 2012 թվականին գրանցվել է «Կիլիկիայի Թագավոր Լևոն Մեծագործի Անվան Երուսաղեմի Տաճարի Ինքնիշխան Ռազմական Միաբանություն»։ Ուխտի հայկական բաժինը գլխավորում է Միաբանության Գերագույն հրամանատար Բագրատ Լալայանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Հոլանդիան, ԱՄՆ նահանգների մեծամասնությունը, ինչպես նաև Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի  խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ –0–