ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կփոխարինի Խրիստենկոյին ԵՏՀ–ում. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղազախստանի Բորովոյում պետությունների ղեկավարների մակարդակով կազմակերպված ԵՏՀ գագաթնաժողովին Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները պայմանավորվել են այն հարցի շուրջ, թե ով է փոխարինելու Վիկտոր Խրիստենկոյին ԵՏՄ–ի գործադիր մարմնի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում։
Խրիստենկոյին կփոխարինի Հայաստանը ներկայացնող Տիգրան Սարգսյանը, տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով վարել է գագաթնաժողովը, հաղորդում է ՌԲԿ–ն։
Խրիստենկոյի լիազորությունների ժամկետը լրանում է փետրվարին։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը շաբաթվա սկզբին լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ նշել է, որ նախագահները կքննարկեն կոլեգիայի նոր ղեկավարի նշանակման կարգը, սակայն կարող են չունդել վերջնական որոշում։ Եթե հարցը վերջնականապես չհամաձայնեցվի, ապա կստեղծվեն բոլոր պայմանները` ղեկավարի հարցը լուծելու համար։
Ուրբաթ նախագահների հանդիպումից առաջ հարցը դեռևս լուծված չէր, ՌԲԿ–ին ասել է հարցերի քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրը։ Քննարկվել են տարբերակներ։ Անհրաժեշտ էր նաև որոշել, թե որ երկրից պետք է սկսվի կոլեգիայի ղեկավարի ռոտացիան` 2015 թ.–ի հունվարին անդամ դարձած երկրից, թե Բելառուսից, որը կանգնած է միության ակունքներում։
Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2014 թ.–ի ապրիլ։ Նա եվրոպական ինտեգրման կողմնակից էր, բազմաթիվ անգամ ելույթ է ունեցել այս թեմայով, այդ թվում` ռուսական մամուլում (2012 թ.–ին «Վեդոմոստիում» հրապարակված հոդվածում նա խոսել է եվրոպական ինտեգրման առավելությունների մասին), նշում է հրատարակությունը։ Սակայն 2013 թ.–ի սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրեց եվրասիական ինտեգրումը։
Ինչպես նշել է Խրիստենկոն, Տիգրան Սարգսյանը շատ ժամանակ է հատկացրել եվրասիական ինտեգրմանը և անդամակցության գործընթացի շարժիչ ուժն է եղել։ Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է 2013 թ.–ի սեպտեմբերին և ավարտվել 2015 թ.–ի հունվարի 2–ին, երբ Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ։
Խրիստենկոն ճեպազրույցի ժամանակ նաև տեղեկացրել է մեկ այլ կադրային որոշման մասին։ Նախագահները որոշել են փոխել կոլեգիայում երկրների ներկայացուցիչների թիվը։ Կոլեգիան բաղկացած կլինի 10 նախարարներից, տեղեկացրել է Խրիստենկոն։
Նախագահները նաև ընդունել են պայմանագիր, որը թույլ է տալիս կարգավորել միության ներսում գոյություն ունեցող հարաբերությունները ԱՄԿ–ին Ղազախստանի անդամակցության կապակցությամբ։
Եվրասիական միության ղեկավարների գագաթնաժողովը նախատեսվածից ավելի շատ է տևել։ «Այսօր ծանր օր է։ Հանկարծ մտան ԱՊՀ–ի խորքը։ Հիմա կրկին», – նշել է Լուկաշենկոն ընդլայնված կազմով նիստի սկզբում։
Նա տեղեկացրել է, որ շատ հարցեր են քննարկել Ղրղըզստանի պահանջով, որը միացել է միությանը 2015 թ.–ի օգոստոսին։ Լուկաշենկոյի խոսքով` պայմանավորվել են այն հարցի շուրջ, որ ԵՏՄ–ն լուրջ աշխատանք կիրականացնի Ղրղըզստանի սահմանին և կանի առավելագույնը, որպեսզի Ղրղըզստանը զգա, թե ինչ միություն է մտել։ «Թող Ղրղըզստանի նախագահին ոչ մեկ չքննադատի, նա նորմալ դիրքորոշում է զբաղեցրել», – խոսել է Լուկաշենկոն գործընկեր Ալմազբեկ Ատամբաևի մասին։ –0–