Վիգեն Սարգսյանը Փաշինյանին բանավեճի է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀԿ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար, պատգամավորի թեկնածու Վիգեն Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրել։
«Վարչապետի պաշտոնակատար պրն. Ն.Փաշինյանին. հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է Ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ ՀՀԿ – Իմ քայլ ձևաչափով` 1-ին համարների մակարդակով», - գրել է նա Facebook-ի իր էջում:
«Առաջարկում եմ բանավեճն անցկացնել երեք հեռուստաալիքներով (հանրային և մեկական Ձեր և իմ ընտրությամբ), երկու հաղորդավարով (մեկական` Ձեր և իմ ընտրությամբ), 4–6 թեմաներով (կեսը Ձեր, կեսն էլ իմ ընտրությամբ), «իրար հարցեր ուղղելու հնարավորությամբ», - հավելել է նա:
Հաշվի առնելով վարչապետի պաշտոնակատարի գերծանրաբեռնվածությունը` նա բանավեճի օրվա ընտրությունը թողել է Նիկոլ Փաշինյանի հայեցողությանը:–0–