Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ԱԳ նախարար․ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պայմանագիրն ու ստորագրված հռչակագիրը բխում են երկու երկրների համար փոխշահավետությունից

27.08.2025, 22:49
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պայմանագիրն ու ստորագրված հռչակագիրը բխում են և կառուցված են Հայաստանի և Ադրբեջանի համար փոխշահավետությունից, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
ԱԳ նախարար․ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պայմանագիրն ու ստորագրված հռչակագիրը բխում են երկու երկրների համար փոխշահավետությունից

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված պայմանագիրն ու ստորագրված հռչակագիրը բխում են և կառուցված են Հայաստանի և Ադրբեջանի համար փոխշահավետությունից, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Չկա մի դրույթ, որն էականորեն լավ է մի երկրի համար և էականորեն վատ է մյուսի համար։ Այդ տեքստում ամեն ինչ ծայրից ծայր փոխշահավետ է։ Այս պարագայում զարմանալի կլինի կողմերից որևէ մեկի կողմից դրա խախտումը։ Այն ունի հավասար կարևորություն և փոխադարձ պարտավորություններ երկու երկրների համար», – հայտարարել է նա Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նրա խոսքով, օգոստոսի 8–ին վաշինգտոնյան հռչակագրով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։ Սա արձանագրվել է հռչակագրով։ Այդ հռչակագիրը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահը՝ որպես վկա։

«Տեղի է ունեցել խաղաղության համաձայնագրի նախաստորագրում։ Այստեղ շատ կարևոր նրբերանգ կա։ Նախաստորագրմանը հաղորդվել է այնպիսի հնչեղություն և Ադրբեջանի նախագահի, և, բնականաբար, մեր վարչապետի կողմից, և Միացյալ Նահանգների նախագահի կողմից, և հետո ամբողջ աշխարհի առաջնորդների շնորհավորական ուղերձներով և անդրադարձներով, որ ընդգծվել է բոլոր կողմից, որ սրանով հաստատվում է խաղաղություն», – ասել է Միրզոյանը։