Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Երևանն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարի` երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին հայտարարությանը

11.10.2013, 17:00
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը` երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին։
Երևանն արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարի` երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին հայտարարությանը
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը` երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին։

Ուրբաթ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով։ Նա նաև ավելացրել է, որ Թուրքիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, սակայն դա հնարավոր կլինի միայն «Ադրբեջանի տարածքներն ազատելուց հետո»։

«Արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի, և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր», – ԱԳՆ մամուլի ծառայությունից մեջբերեցին Բալայանի խոսքը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն 2009 թ.–ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։ --0—