Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԱՄՆ–ի և Հայաստանի համագործակցությունը խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին

17.11.2025, 16:02
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը
ԱՄՆ–ի և Հայաստանի համագործակցությունը խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Վարչապետը ողջունել է տիկին Հուքերի այցը Հայաստան և նշել, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ–ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես Կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։ 

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ–ի և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։

Վարչապետը կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Երկրի ղեկավարն ընդգծել է նաև ԱՄՆ–ի հետ երկկողմ հարաբերություններում ձևավորված հարուստ օրակարգի փաստը, որը ներառում է տարբեր ոլորտներ և ուղղություններ։ 

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար՝ նշելով, որ Երևան է այցելել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։ 

Էլիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ 

Միաժամանակ, նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է՝ պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը և Թրամփի ուղին զարգացնելը` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման։ 

Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։

Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ և՛ ամերիկացի, և՛ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի առաջնորդության շնորհիվ։ 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։