ԱՄՆ–ն Հարավային Կովկասում տնտեսական 0–ական շահ ունի, և TRIPP-ը կապ ունի Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնելու հետ․ Քոչարյան
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ–ն Հարավային Կովկասում տնտեսական զրոյական շահ ունի, և TRIPP-ի հետ կապված հետաքրքրությունը կապ ունի մեկ հանգամանքի հետ՝ Իրանի սահմանը վերցնել վերահսկողության տակ։
Այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիսի ժամանակ։
«Սա հենց այն դեպքն է, երբ Հայաստանն այս ծրագրով իրեն դնում է աշխարհաքաղաքական խոշոր շահերի բախման կետում», - նշեց երկրորդ նախագահը։
Քոչարյանը նաև նշեց, որ TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար։
«Այս ֆորմատով հայկական շահն ընդհանրապես չի երևում, քանի որ 26% բաժնեմասով Հայաստանը նույնիսկ կողմ չէ այս նախագծում, այլ՝ կիսակողմ և նույնիսկ պակաս», – նշեց նա՝ ավելացնելով, որ այդ բաժնեմասը և ազդեցությունը ԱՄՆ–ին տալը նշանակում է, որ աշխարհաքաղաքական գործոնը զրոյացվել է, իսկ տոկոսային հարաբերակցությունը նշանակում է նաև տնտեսական գործոնի զրոյացում։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։