Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Արցախում պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ կստեղծվի 24-ժամյա ռեժիմով գործող օպերատիվ շտաբ

13.12.2022, 11:51
Արցախը հայտնվել է Ադրբեջանի շրջափակման մեջ
Արցախում պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ կստեղծվի 24-ժամյա ռեժիմով գործող օպերատիվ շտաբ
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով, հաղորդում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է, և ըստ էության Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, պետնախարարը միաժամանակ շեշտել է, որ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար: Ընդգծելով պետական մարմինների առավելագույնս կազմակերպված, համակարգված ու կարգապահ աշխատանքը՝ նա կարևորել է օպերատիվ հաղորդակցության, գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը:

Գերատեսչությունների ղեկավարները պետնախարարին զեկուցել են յուրաքանչյուրն իրենց ոլորտում իրավիճակը՝ տեղեկացնելով առկա պաշարների և ռեսուրսների մասին: Պետնախարարը հանձնարարել է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին:

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:-0-