Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը երկրի տնտեսական աճի հզոր խթան կդառնա. ՌԴ դեսպան

09.02.2015, 21:49
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը երկրի տնտեսական աճի հզոր խթան կդառնա, երկուշաբթի ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը երկրի տնտեսական աճի հզոր խթան կդառնա. ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը երկրի տնտեսական աճի հզոր խթան կդառնա, երկուշաբթի ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«ԵՏՄ–ն գործակցության նոր հեռանկարներ է բացում դրա անդամների համար ամենատարբեր ոլորտներում։ Մաքսային արգելքների վերացման հաշվին էապես դյուրացվել է հայկական ապրանքների մուտքը հսկայական ընդհանուր շուկա։ Գործնականում մշակվել է Վրաստանի տարածքը հատելիս առանց մաքսային ձևակերպման ԵՏՄ երկրներ դրանց մատակարարման հարցը։ Դա անխուսափելիորեն հզոր ազդակ կդառնա տնտեսական աճի համար, չէ՞ որ արտադրության ծավալների աճը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, գների նվազմանը, մրցունակության բարձրացմանը և ապրանքաշրջանառության ավելացմանը»,– ասել է Վոլինկինը։

Ըստ նրա` այսօր ԵՏՄ անդամ երկրներ ներկրվող պարենային արտադրանքի ծավալը գնահատվում է 43 մլրդ դոլար, և Հայաստանն ունի այդ շուկայի զգալի բաժնեմասին հավակնելու բոլոր հնարավորությունները։

«Որոշ դրական փոփոխություններ նկատելի են արդեն այսօր։ Չի կարելի չնկատել Ռուսաստան հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների նկատելի ավելացումը»,– ասել է Վոլինկինը։

Ռուս դեսպանի խոսքով` ԵՏՄ–ում Հայաստանի հեռանկարները դրական է գնահատել Ազգային ժողովը 2014 թվականի նոյեմբերի 24–ին անցկացրած լսումներում, որտեղ կառավարության ներկայացուցիչները հստակ ուրվագծել են Հայաստանի առավելությունները Եվրասիական 170–միլիոնանոց շուկա մտնելու դեպքում։

«Հանրապետության միակ ֆինանսական պարտավորությունը 1.5-2 մլն դոլարի ամենամյա անդամավճարն է։ Բայց դրա փոխարեն բյուջեի լրացուցիչ եկամուտը հավաքած մաքսատուրքերի ընդհանուր ծավալում, տարբեր գնահատականներով, կկազմի մինչև 250 մլն դոլար։ Հավելյալ, Ռուսաստանի տրամադրած արտահանման զրոյական տուրքի հաշվին, էներգակիրների ցածր գների հաշվին Հայաստանն ավելի զգալի դրամական միջոցներ կխնայի։ Միաժամանակ, մենք դեռ պետք է աշխատենք, որպեսզի բացենք նոր ինտեգրացիոն միության բոլոր առավելությունները»,– ընդգծել է Վոլինկինը։ Նա հիշեցրել է նաև, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են։

«Ռուսաստանը հիմնականում ընկալվում է որպես երկրի գլխավոր դաշնակից հարցերի լայն շրջանակում` հումանիտար ոլորտից մինչև անվտանգություն։ Հայ հասարակությունը, անկասկած, ամբողջ ծավալով զգում է, որ մեր գործակցությունը ծրագրված զարգանում է բոլոր ուղղություններով։ Մենք ակտիվ աշխատում ենք երկկողմ ոլորտներում։ Մեր երկրների միջև բոլոր մակարդակներում վստահելի լավ երկխոսություն է հաստատվել։ Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը նաև միջազգային ասպարեզում, որտեղ մեր երկրները հիմնականում համահունչ կամ նմանատիպ դիրքորոշումներ ունեն»,– նշել է դեսպանը։

Բացի այդ, Վոլինկինի խոսքով, մշտապես ավելանում են երկու երկրների միջև ուղևորափոխադրումները։ «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից միայն Մոսկվա և հետ օրական կատարվում է 12 չվերթ։ Գումարած, շաբաթական մի քանի չվերթ դեպի Սանկտ Պետերբուրգ, Դոնի Ռոստով, Սոչի, Կրասնոդար, Նիժնի Նովգորոդ, Կազան, Սամարա և այլ քաղաքներ։ Թռիչքների ավելի քան 70 տոկոսը կատարվում է Ռուսաստան և Ռուսաստանից»,– ասել է Վոլինկինը։

Նրա խոսքերով` ինչ վերաբերում է կենցաղային շփմանը, ապա ինչպես դեսպանատան աշխատակիցները, այնպես էլ Հայաստան եկող Ռուսաստանի բոլոր քաղաքացիները իրենց չափազանց հարմարավետ են զգում, քանի որ հայերը շատ հյուրասեր և բարյացակամ ժողովուրդ են, և ռուսներին, իսկապես, եղբոր պես են վերաբերվում, «և դա փոխադարձ է»։-0-