ԵՄ-ն կոչ է արել հետաքննել ԼՂՀ-ում ուղղաթիռի խոցման հետ կապված միջադեպը
13.11.2014,
11:06
Եվրամիությունը կոչ է արել հետաքննել ԼՂՀ-ում ուղղաթիռի հետ կապված միջադեպը, հակամարտող կողմերը պետք է խուսափեն իրավիճակի սրումից, նշվում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցչի կոմյունիկեում:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրամիությունը կոչ է արել հետաքննել ԼՂՀ-ում ուղղաթիռի հետ կապված միջադեպը, հակամարտող կողմերը պետք է խուսափեն իրավիճակի սրումից, նշվում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցչի կոմյունիկեում:
Չորեքշաբթի ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խփել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում:
«Հարկավոր է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն դրսևորեն և խուսափեն գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման: Մենք կոչ ենք անում հետաքննել այս միջադեպը», - նշվում է կոմյունիկեում:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ԵՄ-ն «վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի և նրա երեք համանախագահների ջանքերին»:
«Երկու կողմերն էլ պետք է խստորեն հետևեն հրադադարի պահպանման ռեժիմին, զերծ մնան ուժի կամ ցանկացած այլ սպառնալիքի կիրառումից և շարունակեն ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը», - նշում են ԵՄ-ից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-