Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Եվրոպայի վերջին փակ սահմանը, որը տարիներ առաջ փակել է Թուրքիան, պետք է անմիջապես և առանց նախապայմանների բացվի. Սաղաթելյան

18.03.2015, 17:00
Եվրոպայի վերջին փակ սահմանը, որը տարիներ առաջ փակվել է Թուրքիայի կողմից, պետք է անմիջապես և առանց նախապայմանների բացվի, չորեքշաբթի Երևանում, «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը։
Եվրոպայի վերջին փակ սահմանը, որը տարիներ առաջ փակել է Թուրքիան, պետք է անմիջապես և առանց նախապայմանների բացվի. Սաղաթելյան
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի վերջին փակ սահմանը, որը տարիներ առաջ փակվել է Թուրքիայի կողմից, պետք է անմիջապես և առանց նախապայմանների բացվի, չորեքշաբթի Երևանում, «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը։

«Միանշանակ է, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը, որը տարիներ առաջ փակվել է Թուրքիայի կողմից, պետք է անմիջապես և առանց նախապայամնների  բացվի: Բայց կարծում եմ, որ աշխարհագրական սահմանը բացելուց առաջ համապատասխան կաղապարներն ու կարծրատիպերը պետք է կոտրվեն թուրք հասարակության և Թուրքիայի քաղաքական վերնախավի ուղեղներում», - ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` աշխարհագրական սահմանին (մարդկանց և բեռների տեղաշարժի արգելմանը զուգահեռ) Թուրքիայի քաղաքական իշխանությունները սահմանափակում են տեղեկատվության ազատ շրջանառությունը և առաջին հերթին Ցեղասպանության թեմայի հետ կապված տեղեկատվության։ Թուրքիայում արգելափակված են հայկական բազմաթիվ կայքեր, այդ թվում նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված armeniangenocide100.org կայքը: Ըստ անհրաժեշտության, թուրքական իշխանությունները չեն վարանում արգելափակել նաև այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են Youtube-ը, Facebook-ը և այլն:

«Թուրքիայի իշխանություններն այսօր տարբեր հնարքների են դիմում պատասխանատվությունից փախչելու համար և տեղեկատվական-տեխնիկական ու տեղեկատվական-հոգեբանական ոլորտներում իրականացնում բազմաթիվ միջոցառումներ. նախաձեռնում են զանազան գործընթացների իմիտացիաներ, ազգային տոներ հորինում՝ Ցեղասպանության տարելիցը ստվերելու նպատակով, ոչնչացրել և շարունակում են ոչնչացնել փաստաթղթեր և արխիվներ», - ընդգծեց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ Թուրքայի քաղաքական վերնախավը դեռ չի հասունացել հասկանալու, որ ժամանակակից աշխարհում հերքելով կամ կասկածի տակ դնելով իրականությունը, այն փոխել հնարավոր չէ: Սահմաններ և պատնեշներ կառուցելով իրականությունից երկար թաքնվել հնարավոր չէ:

«Վերջին տարիներին թուրքական քաղաքացիական հասարակությունն աչքի է ընկնում Հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրությամբ և այս հարցում պաշտոնական տաբուները խախտող խիզախ դրսևորումներով: Մենք ողջունում ենք պատմական ճշմարտության հետ առերեսվելու որոշ թուրքերի պատրաստակամությունը: Սույն թվականի հունվարի 29-ին ընդունված Համահայկական հռչակագրում հայ ժողովուրդը իր զորակցությունն է հայտնել նրանց /մեջբերում եմ/ «Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսևորում այդ հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման», - ասաց Սաղաթելյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

2009թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։

2015թ.–ի հունվարի 16–ին Սարգսյանը նամակով դիմեց ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանին` տեղեկացնելով, որ որոշել է հետ կանչել արձանագրությունները խորհրդարանից։–0–