Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Եվս մեկ նման հայտարարություն, և մեր հաղթանակն անխուսափելի կլինի. Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

29.08.2025, 10:41
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Եվս մեկ նման հայտարարություն, և մեր հաղթանակն անխուսափելի կլինի. Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է  հայտնել Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին արբիտրաժային դատարանի որոշման համատեքստում արված հայտարարության համար։

Նախօրեին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե արդյոք կառավարությունը պլանավորում է իրականացնել Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը։

Փաշինյանը արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Կառավարությունից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է. «Ով նման դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի՝ գնա։ Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ։ Եթե կան նման մարդիկ Կառավարությունում, թող դիմում գրեն, գնան, հակառակ դեպքում՝ ես կհեռացնեմ նրանց»։

Նա նշել է, որ փաստաբանների թիմը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին։

«Եվս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի», - ընդգծել է նա։

Ստոկհոլմի արբիտրաժի որոշման մասին

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթների կատարումից, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից

Արբիտրաժի կողմից որոշման հրապարակումից հետո Հայաստանի Հանրապետության պետական մարմինները հանդես եկան մի շարք հայտարարություններով՝ նշելով, որ հրատապ արբիտրաժի որոշումները կարող են չկատարվել ՀՀ կառավարության կողմից, և ՀՀ տարածքում կատարման համար դրանք նախ և առաջ պետք է ճանաչվեն ՀՀ դատարանների կողմից։

Օգոստոսի 4-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ արտակարգ արբիտրաժը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետերերի նոր պահանջները։