Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Ֆրանսիան հորդորում է ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարի ռեժիմը

05.08.2014, 10:31
Ֆրանսիայի ԱԳՆ–ն երկուշաբթի հայտարարություն է հրապարկել, որում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը։
Ֆրանսիան հորդորում է ղարաբաղյան հակամարտության կողմերին հարգել հրադադարի ռեժիմը
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի ԱԳՆ–ն երկուշաբթի հայտարարություն է հրապարկել, որում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը։

«Ֆրանսիային մտահոգում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած արյունալի միջադեպերը, որոնք վերջին օրերի ընթացքում բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել։ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Ֆրանսիան հորդորում է կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անպայման քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերը կանխելու ուղղությամբ։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-