Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ լուծում ունի. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ՄԱԿ–ի 72–րդ Գերագույն ասամբլեայի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։
«Լեհաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, և Լեհաստանը վստահ է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի հիման վրա»,– ասել է նա։
Սերժ Սարգսյանը կարևորել է այս հարցում հավասարակշռված դիրքորոշման ցուցաբերումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ:
Զրույցի ժամանակ կողմերը նշել են նաև Հայաստանի և Լեհաստանի համար այս տարվա խորհրդանշական լինելը, քանի որ այս տարի լրանում է երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, ինչպես նաև երկու երկրները նշում են Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-րդ տարեդարձը։
Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում լեհական Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-