ՀԱՊԿ–ին Ադրբեջանի անդամակցության հարց օրակարգում չկա. Մարկեդոնով
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի Եվրո–ատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը մեկնաբանեց Ադրբեջանի` ՀԱՊԿ–ին անդամակցելու մասին լուրերը, որոնք աշխուժացան 2018 թվականի ամռանը։
«Իմ կարծիքով` օրակարգում այդ հարցն իրականում չկա, որովհետև Ադրբեջանի անդամակցությունն այն կառույցներին, որոնցում կա Հայաստանը, ԱՊՀ–ն դժվար կացության մեջ կդնի։ ՀԱՊԿ–ն ԱՊՀ–ի վերածել Մոսկվան չի ուզում և չի անի»,– ուրբաթ ասաց նա Երևանում «Կովկաս 2018» միջազգային համաժողովի շրջանակում։
Քաղաքագետը միաժամանակ նշեց, որ այս թեման օգտագործվում է տեղեկատվական ճնշման համատեքստում։
«Բաքուն նախորդ տարի շատ ակտիվացրեց այս ճնշումը` ապացուցելու համար, որ Հայաստանի նոր իշխանությունը, հավանաբար, արևմտամետ է, այն Ռուսաստանի համար լոյալ չէ և այլն։ Իսկ մենք (Ադրբեջանը` խմբ.) կարող ենք հուսալի գործընկեր լինել»,– ասաց Մարկեդոնովը։
Այս համատեքստում փորձագետը նաև նշեց Ադրբեջանի գործակցության ակտիվացումը Բելառուսի հետ։
«Շատերը հիշում են բելառուսական «Պոլոնեզների» մասնակցությունը զորահանդեսին։ Դա նաև բավականին խորհրդանշական է ռազմավարական տեսանկյունից` ցույց տալու համար, որ ՀԱՊԿ–ին անդամակցելն ինքնին Հայաստանին ոչինչ չի երաշխավորում»,– ասաց քաղաքագետը։
Ներկայում ՀԱՊԿ–ի կազմի մեջ վեց պետություններ են` Հայաստանը, Բելառուսը, Խազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ -0-