Հայտնի է, թե ինչ գույնի կլինեն ՀՀ նոր կենսաչափական անձնագրերը, և երբ է նախատեսված գործարկումը
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կենսաչափական անձնագրերը կլինեն կարմիր։
«Մենք մեր դրոշի վրա 3 գույն ունենք՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն։ Մենք որոշել ենք նաև, որ կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, որը նաև մեր ուսումնասիրությամբ միջազգայնորեն ամենատարածված երանգներից է», - ասաց Փաշինյանը երեքշաբթի օրը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ։
Վարչապետը հայտարարեց, որ անձնագրի առաջին էջում ձախ կողմում կլինի Հայաստանի ուրվագծային քարտեզը, իսկ աջ կողմում՝ ազգային զինանշանը և տեքստային տեղեկատվությունը։
Նրա խոսքով՝ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը գտնվում է ավարտական փուլում և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։
Նախարան ընդգծեց, որ նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։
Սարգսյանի խոսքով՝ այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։