Հայ-ամերիկյան համագործակցություն՝ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 11-ը ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ՝ իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
Դեսպանատնից բացատրել են, որ այս վերլուծական մեթոդաբանությունը, որը հաջողությամբ կիրառվել է այլ վայրերում, կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը՝ հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։
«Հպարտ ենք աջակցել այս առաջին քայլին՝ ուղղված «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման ոլորտում մեր գործընկերության իրագործմանը, որի մասին հուշագիրը ստորագրվեց նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հուշագրի մասին
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված երեք փոխըմբռնման հուշագրերից մեկը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման գործընկերությանը: Այն նպատակ ունի համագործակցել ՀՀ ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ ներդրումների, ռեսուրսների, վերապատրաստման և երկրների միջև գործընկերության միջոցով:
Համագործակցությունը նախատեսվում է հետևյալ ոլորտներում՝ Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդում՝ վերապատրաստման, ԱՄՆ կառավարության ռեսուրսների և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մաքսային և սահմանային պաշտպանության լավագույն փորձի միջոցով, կիբերպաշտպանության գործողություններում ներդրումների ավելացում և Հայաստանի ենթակառուցվածքների արդիականացման, այդ թվում՝ սահմանային անվտանգության ոլորտում ներդրումների խթանում: