Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել հաջորդ՝ 8-րդ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում

02.10.2025, 21:54
Հիմնվելով ԵՔՀ բոլոր գագաթնաժողովների հաջողության վրա՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը Երևանում, ասել է Փաշինյանը
Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել հաջորդ՝ 8-րդ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանն արդեն սկսել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Եվ առաջիկա ամիսներին մենք կկիսվենք որոշ նոր գաղափարներով և նախաձեռնություններով, որոնք ուղղված են Եվրոպական քաղաքական համայնքի հետագա ամրապնդմանը և նոր խթան հաղորդելուն, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Կոպենհագենում կայացած Եվրոպական համայնքի 7-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստում։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստվում է հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը հյուրընկալել Երևանում՝ հիմնվելով Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր գագաթնաժողովների հաջողության վրա։

«ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելը կամրապնդի մեր ինտեգրումը եվրոպական ընտանիքին և հնարավորություն կտա ցուցադրել մեր առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ ԵՔՀ Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը։

«Միջին միջանցքի իրականացումը և Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամանրաթելային մալուխների անխոչընդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն»,-ասել է նա։

Վարչապետը կարծում է, որ հատկապես այսօր կարևոր է ամրապնդել Եվրոպայի կարողությունը՝ պայքարելու մեր առջև ծառացած հիբրիդային սպառնալիքների դեմ և, միևնույն ժամանակ, պահպանելու ժողովրդավարական կառավարման ամբողջականությունը, օրենքի գերակայությունը, ազատ և արդար ընտրությունները և քաղաքական բազմակարծությունը, նույնիսկ ներքին կամ արտաքին ճնշումների պայմաններում։

«Քանի որ Հայաստանը հաջորդ տարի հյուրընկալելու է նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը` COP17-ը, մենք հույս ունենք, որ ԵՔՀ-ն կարող է նաև ծառայել որպես հարթակ՝ կանաչ տնտեսության անցման օրակարգը քննարկելու համար, այն գիտակցմամբ, որ մեր քննարկման արդյունքները հետագայում կներկայացվեն համաշխարհային ասպարեզ COP17-ի ընթացքում»,-հավելել է նա։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում 2026 թվականի մայիսի 4-ին։