Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը պատրաստվում է իրականացնել TRIPP-ը՝ երթուղիներ, զարգացում և քաղաքական կամք՝ խաղաղության հաստատման համար

Այսօր, 12:08
Խաղաղությունը Հայաստանում և տարածաշրջանում հաստատվում է շատ կոնկրետ և գործնական քայլերի միջոցով, հայտարարել է Փաշինյանը
Հայաստանը պատրաստվում է իրականացնել TRIPP-ը՝ երթուղիներ, զարգացում և քաղաքական կամք՝  խաղաղության հաստատման համար

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ-ի և ԱՄՆ-ի անունից տարածված TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ հայտարարության իմաստը և գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ և գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում և մեր տարածաշրջանում և այն այլևս գործնական իրականություն և իրողություն է։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անհրաժեշտ է խնամքով վերաբերվել հաստատված խաղաղությանը։ Հայաստանը որպես պետություն և հասարակություն պատմականորեն չի ապրել երկարատև խաղաղության պայմաններում»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այդ գործընթացը նոր մշակույթ ու մտածողություն է պահանջում։

«Մեր լեզվամտածողության և արտահայտությունների մեջ դեռ շատ ուժեղ է կոնֆլիկտի տրամաբանությունը, և խաղաղությունը շատ դանդաղ է մուտք գործում մեր գիտակցություն։ Սա նորմալ է՝ հաշվի առնելով վերջին 35 տարիների փորձը, սակայն կարևորն այն է, որ գետնի վրա արդեն կան իրողություններ, որոնք պետք է նպաստեն խաղաղության սոցիալ-հոգեբանության ձևավորմանը»,-հինգշաբթի կայացած կառավարության նիստում ասել է նա։

Նա որպես լավ լուր նշել է այն փաստը, որ «գետնի վրա» արդեն կան իրողություններ, որոնք պիտի նպաստեն, որպեսզի խաղաղության սոցիալ-հոգեբանությունը հաստատվի:

«Մենք պետք սկսենք աշխատել համաձայնագրերի նախագծերի շուրջ արդեն անհրաժեշտ և նաև իրավական որոշումների վրա։ Մասնավորապես, ՀՀ-ում TRIPP անունով ընկերություն պետք է ստեղծվի։ Նաև պետք է սահմանենք երթուղիները, կառուցապատման իրավունքները, հողի օգտագործման և շինարարության թույլտվությունները»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նախապատրաստական ​​աշխատանքները պետք է սկսվեն այսօրվանից։

Նա հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ ապահովելու Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը՝ համաձայն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության նախկինում հայտարարված սկզբունքների։

«Մենք պետք է հրաժարվենք հակամարտության տրամաբանությունից։ Բայց դա տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում։ Ավելի քան 35 տարի պտտվող անիվը չի կարող կանգնեցվել մեկ գիշերվա ընթացքում։ Խաղաղությունից ստացված նյութական օգուտները կարող են ավելին տալ, քան մարտահրավերների և կասկածների մասին քննարկումները։ Նոր ժամանակներ են գալիս, և մենք պետք է ավելի կենտրոնացած աշխատենք՝ այս պատմական հնարավորությունից առավելագույնս օգտվելու համար՝ Հայաստանի և նրա քաղաքացիների զարգացման, ազատության, երջանկության և բարեկեցության համար», - ասել է Փաշինյանը։

Հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համատեղ հայտարարություն են տարածել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) կենսագործման շրջանակի վերաբերյալ։ Փաստաթուղթը սահմանում է նախագծի մեկնարկի ընդհանուր մեխանիզմը, որը նպատակ ունի ստեղծել անխոչընդոտ տարանցիկ կապ Հայաստանի միջով, այդ թվում՝ կապելով Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի ինքնավար մարզի հետ և ինտեգրելով այն Տրանսկասպյան առևտրային ուղու մեջ։

TRIPP–ի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։

Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։