Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԵՏՄ և Իրանի միջև ԱԱԳ ստեղծման ժամանակավոր համաձայնագրի վավերացմանը
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ԵՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի վավերացման օրինագծին։
Համաձայնագրի վավերացմանը կողմ է հանդես եկել 118 պատգամավոր, դեմ` մեկը, երկուսը` ձեռնպահ։
Մայիսի 16–ին Նուր–Սուլթանում (Աստանա) ստորագրվել է ժամանակավոր համաձայնագիր, ըստ որի ազատ առևտրի գոտի է ստեղծվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի միջև։ 2016 թվականից տարվող բանակցությունների արդյունքներով, պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի միջև մի շարք հաստատված ապրանքների նկատմամբ երեք տարի ժամկետով փոխադարձ առևտրում ներկրման մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ։
Համաձայնագրում ներառված է այն ապրանքների առաջնահերթ ցուցակը, որոնց նկատմամբ փոխադարձ առևտրում ներկրման տուրքերը կնվազեցվեն կամ կվերացվեն համաձայնագրի` ուժի մեջ մտնելուց հետո։
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների առաջին փոխնախարար Ալբերտ Բաբայանի խոսքով, համաձայնագիրը նախատեսված է երեք տարվա համար, որոնց ընթացքում կողմերը պետք է հասնեն ԱԱԳ լիարժեք համաձայնագրի։
«Այն դեպքում, եթե երեք տարվա ընթացքում կողմերը չկարողանան գալ համաձայնության, ապա վերջիններս պարտավորվում են երկարացնել ժամանակավոր պայմանագիրը»,– ասաց նա։ -0-