Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի նախագահը կարևորում է ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև սերտ փոխգործակցությունը:

17.10.2012, 10:33
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև սերտ փոխգործակցությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև սերտ փոխգործակցությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում զարգացնել դաշնակցային հարաբերություններն ու երկու բարեկամ երկրների միջև խորացնել ռազմավարական գործընկերությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումն այդ հարաբերությունների զարգացման գործում:

Սերգեյ Ստեպաշինը նշել է, որ երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցները վերջին տարիներին բավականին արդյունավետ համագործակցում են, ակտիվ փոխշփումներ կան, և համագործակցության ծրագրի ու համատեղ վերահսկողության մասին ստորագրված փաստաթղթերի հիման վրա տարեցտարի խորացնում են հարաբերությունները:

ՌԴ հաշվիչ պալատի նախագահը վստահություն է հայտնել, որ Երևանում գործընկերոջ հետ հերթական հանդիպման և վաղը հրավիրվելիք երկու վերահսկիչ կառույցների համատեղ նիստի ընթացքում փոխգործակցության արդյունքների ամփոփումն ու հետագա ծրագրերի քննարկումները կնպաստեն ՀՀ վերահսկիչ պալատի և ՌԴ հաշվիչ պալատի միջև համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը:--0--