Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը մեկնարկեց քարոզչական հոլովակի շնորհանդեսով

21.01.2013, 20:41
Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը մեկնարկեց երկուշաբթի`քարոզչական հոլովակի շնորհանդեսով։
Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը մեկնարկեց քարոզչական հոլովակի շնորհանդեսով
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը մեկնարկեց երկուշաբթի`քարոզչական հոլովակի շնորհանդեսով։

Քարոզչական հոլովալի երգի հեղինակն իրավաբան, կոմպոզիտոր Ալբերտ Աբգարյանն է։ Դժբախտ պատահարի հետևանքով տեսողությունը կորցրած երիտասարդն աշխատանքի է ընդունվել նախագահի աշխատակազմում Սարգսյանի անձնական նախաձեռնությամբ։

«Մենք սկսում ենք նախընտրական պայքարը։ Այս գեղեցիկ հոլովակով կմեկնենք հանրապետության քաղաքներ և գյուղեր, հնարավորինս կփորձենք լինել առավել թվով համայնքներում։ Մեզ բոլորիս մեծ աշխատանք է սպասվում»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ նախընտրական պայքարը որևէ մեկի դեմ չէ, այլ ժողովրդի քվեի համար է, հասարակական աջակցության շերտն ավելացնելու համար է, ոգևորության ու հավատի ամրապնդման համար է։

«Մեր երկիրը փոխելու համար մենք պետք է միասնական լինենք, և մեր պայքարը պետք է ուղղված լինի, նախևառաջ, այդ միաբանության մակարդակի բարձրացմանը։ Հիշեք, որ մենք երբեք չենք ընդունել և այսօր էլ չենք ընդունում մեր հասարակության ներսում հակառակորդներ առանձնացնելու կամ թիրախավորելու, որևէ անձի, խմբի կամ քաղաքական ուժի պիտակավորելու գործելաոճը, մենք որևէ բան քանդելու կոչեր չենք անում, եթե դրանք մեր զարգացումը խոչընդոտող` արմատացած արատավոր երևույթներ չեն»,– նշեց նախագահը։

Պետության ղեկավարն ընդգծեց նաև, որ ինքը և իր կողմնակիցները հարգանքով են վերաբերվում ցանկացած կարծիքի, որը չի համընկնում նրանց դիրքորոշման հետ, քանի որ չի բացառվում, որ հենց այդ քննադատության մեջ է այն առանցքը, որի շուրջ միաբանվելը հետագայում իշխանությունների աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնի։

«Հիշեք, որ մենք միշտ պաշտպանել ենք քննարկումների և հնարավորինս լայն երկխոսության մոտեցումները, մեր գաղափարները վերջին ատյանի ճշմարտություններ չեն, մենք էլ` անսխալական չեն: Մենք հարգանքով ենք վերաբերում ցանկացած կարծիքի, որը չի համընկնում մեր դիրքորոշման հետ. չի բացառվում, որ այդ քննադատության մեջ է հենց այն թեզը, որը վաղը որևէ հարցի շուրջ մեր աշխատանքը էապես արդյունավետ է դարձնելու»,– հայտարարեց նա։

Բացի այդ, Սարգսյանի խոսքով, նախընտրական քարոզարշավի մեկնարկը կոչված է դառնալ հնգամյա ճանապարհի սկիզբ` ուղղված հայ հայրենակիցների վերադարձին դեպի Հայրենիք և այն կապերի ամրապնդմանը, որոնցով յուրաքանչյուր հայ կապված է իր հայրենի հողին։

«Մենք առաջարկում ենք ճանապարհ, որը տանում է դեպի Հայաստանի անվտանգության ամրապնդում, դեպի վերելք և դեպի մեր ժողովրդի բարեկեցության բարձրացում, այլ ոչ թե սևացնում ենք մեր մրցակիցներին, մենք հաշվետվություն ենք տալիս արվածի, նաև չարվածի համար ու սկսածն ավարտելու քվե խնդրում մեր ընտրողներից, այլ ոչ թե լեզվակռվի բռնվում մեզ հանիրավի պիտակավորողների հետ»,– ասաց նա։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-