Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
432.96
RUB
4.6571
GEL
138.19
2026 թ. մարտի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայաստանի նախագահի թեկնածուն առաջարկում է բոլոր թեկնածուներին, բացի գործող նախագահից, ինքնաբացարկ հայտարարել

11.01.2013, 11:22
Հայաստանի նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է նախագահական մրցավազքի բոլոր մասնակիցներին, բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանից, ինքնաբացարկ հայտարարել նախագահական ընտրություններին և միասնական քաղաքացիական ճակատ կազմել։
Հայաստանի նախագահի թեկնածուն առաջարկում է բոլոր թեկնածուներին, բացի գործող նախագահից, ինքնաբացարկ հայտարարել
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է նախագահական մրցավազքի բոլոր մասնակիցներին, բացի գործող նախագահ Սերժ Սարգսյանից, ինքնաբացարկ հայտարարել նախագահական ընտրություններին և միասնական քաղաքացիական ճակատ կազմել։

Ղուկասյանն առաջարկում է մինչև հունվարի 15–ը միասնական ինքնաբացարկով սկիզբ դնել Հայաստանում քաղաքական նոր իրականությանը։

«Առաջարկում եմ միասնաբար դուրս գալ ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից և միահամուռ նախաձեռնել երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում` հանուն արմատական փոփոխությունների։

Համոզված եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ուղղված քաղաքացիական շարժումը, որի առաջնորդները կլինեն Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը, հաջողությամբ կպսակվի։ Նաև հավատում եմ, որ նախագահի մյուս թեկնածուները ևս, ճիշտ գնահատելով իրավիճակը, ազգային շահը կգերադասեն անձնական շահից»,– ասվում է բաց նամակում։

Ուղերձում ասվում է նաև, որ «այսօր մենք ունենք իրավունք` ձևավորելու Հայաստանի համար նոր քաղաքական օրակարգ»։

«Հանրությունը մեզանից գործնական քայլեր է սպասում, այլ ոչ թե անիմաստ պայքար, այսպես կոչված, երկրորդ տեղի համար»,– նշվում է նամակում։

Նախագահական ընտրությունները Հայաստանում կկայանան  փետրվարի 18–ին։ Փաստաթղթերի ընդունումն ավարտվել է նախորդ ուրբաթ` ժամը 18։00–ին։ Հունվարի 4–ին սկսվել է թեկնածուների գրանցման գործընթացը, որը կշարունակվի մինչև հունվարի 14–ը։ Նախընտրական քարոզարշավը կսկսվի հունվարի 21–ին և կավարտվի փետրվարի 16–ի ժամը 24։00–ին։

Ըստ նախնական տվյալների, ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարը շարունակում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեակվար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ –0–