Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում ՌԴ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

07.06.2018, 18:15
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել:
Հայաստանում ՌԴ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում:

«Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն ձևավորված բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդման ու զարգացման գործում»,– ասվում է հաղորդման մեջ։

Նախագահը միաժամանակ ամենայն աջակցության պատրաստակամություն է հայտնել դեսպանի բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն երկկողմ հարաբերությունների խորացմանը:

Դեսպան Կոպիրկինը Հանրապետության նախագահին փոխանցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները:

Նա վստահեցրել է, որ կանի հնարավորն ավելի խորացնելու և ամրապնդելու երկու երկրների ռազմավարական դաշնակցային հարաբերությունները:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ ռազմավարական դաշնակից երկու երկրների հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ ընդգրկելով նոր ուղղություններ: -0-