Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Հայրիկյանի նկատմամբ մահափորձի բացահայտմամբ շահագրգռված են նախևառաջ երկրի իշխանությունները. փոխխոսնակ

01.02.2013, 13:27
Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի բացահայտմամբ շահագրգռված են նախևառաջ երկրի իշխանությունները, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Հայրիկյանի նկատմամբ մահափորձի բացահայտմամբ շահագրգռված են նախևառաջ երկրի իշխանությունները. փոխխոսնակ
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի բացահայտմամբ շահագրգռված են նախևառաջ երկրի իշխանությունները, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Դա կրակոց էր իշխանությունների և պետականության դեմ։ Վստահ եմ, որ և Ազգային անվտանգության ծառայությունը, և Ոստիկանությունը կանեն ամեն ինչ, որպեսզի հանցագործությունը բացահայտվի»,– ասաց Շարմազանովը։

Ըստ նրա` մահափորձը ձեռնտու էր նրանց, ում չի բավարարում կայուն, անվտանգ Հայաստանը, Հայաստանն առանց ցնցումների։

Շարմազանովը նշեց, որ երկրի քաղաքական ուժերը պետք է անեն ամեն ինչ, որպեսզի պահպանեն նախընտրական քարոզարշավի դրական գործընթացներն ու հանդուրժողականությունը։

«Վերջին տարիներին առաջին անգամ նախընտրական ժամանակահատվածում բացակայում են անձնական վիրավորանքները, բոլոր թեկնածուները խոսում են ծրագրերի ու գաղափարների մասին։ Դա վկայում է հայկական պետականության հասունության մասին»,– ասաց Շարմազանովը։

Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել ուսի շրջանում տեղական ժամանակով ժամը 23։30–ին` Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։

Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0--