ՀՀ ԱԺ–ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող հետևողական պայքարի վկայությունն է

ՀՀ ԱԺ–ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող հետևողական պայքարի վկայությունն է

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ի արտահերթ նիստի ժամանակ միաձայն ընդունված հայտարարությունը, որում պաշտոնապես կոչ է արվում աշխարհի բոլոր երկրների խորհրդարանների և միջազգային կառույցներին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, վկայում է, որ Հայաստանի քաղաքական ուժերը հետևողական են Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է «Հայ Դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Կարևոր է այն, որ Ցեղասպանության 100–րդ տարելիցին, երբ մենք ակնկալում ենք, որ այլ երկրների խորհրդարանները կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, մեր ԱԺ–ն ևս հանդես եկավ նման նախաձեռնությամբ։ Հուսով եմ, որ հայտարարությունը կուղղվի բոլոր կամ գրեթե բոլոր երկրների խորհրդարաններին», – ասել է Մանոյանը։

Ինչպես նշվում է հայտարարության տեքստում, Հայաստանի Ազգային ժողովը, հիմք ընդունելով ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի` 1948 թվականի դեկտեմբերի 9–ի «Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման մասին» կոնվենցիան, Հայկական ԽՍՀ–ի Գերագույն խորհրդի` 1988 թվականի նոյեմբերի 22–ի «Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը, նշանակություն տալով «Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի համահայկական հռչակագրին» և մարդկության դեմ հանցագործության դեմ պայքարում հայ ժողովրդի և միջազգային հանրության համատեղ ավանդին, երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների խորհրդարաններին և Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքներ ընդունած երկրներին, կոչ է անում բոլոր երկրների և ժողովուրդների խորհրդարաններին ճանաչել և քննադատել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարած հանցագործություն։

Մանոյանի կարծիքով` չնայած հայտարարության ձևակերպումները կարող էին այլ լինել, կարևորն այն է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը հանդես եկան միաձայն։ «Դա շատ ավելի կարևոր է, քան միայն իշխանությունների կողմից ընդունված անթերի հայտարարությունը», – նշել է Մանոյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

21:05 21.04.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×