Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+31

ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. վարչապետի խոսնակ

15.07.2025, 11:19
ՀՀ տարածքի որևէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս, ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը
ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում։ 

Այս մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ ի պատասխան «Արմենպրես» լրատվական գործակալության խնդրանքի՝ մեկնաբանելու Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները, որոնք, ինչպես նշվել է գործակալության ներկայացրած հարցում, «խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը ԱՄՆ կողմից վարձակալելու հնարավորության մասին, որտեղով ըստ դեսպանի կիրականացվի «Զանգեզուրի միջանցքը»։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել է ԱՄՆ-ի մտադրության մասին՝ 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվող 32 կիլոմետրանոց ճանապարհը։

Բաղդասարյանը նշել է, որ իրեն ուղարկված հարցում նշված անվանաբանությունը ՀՀ-ի համար ընդունելի չէ։

«Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետեւաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ»,-ընդգծել է նա։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ դեսպանը կարող էր նկատի ունենալ ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը, վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:

«ՀՀ տարածքի որեւէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս»,-եզրափակել է նա։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի մասին  

Ադրբեջանն ու Թուրքիան խրախուսում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հիմնական հատվածին՝ անցնելով Հայաստանի տարածքով Սյունիքի մարզում:

Այնտեղ նախատեսվում է կառուցել ճանապարհ և երկաթուղի։ Այս «միջանցքի» հնարավոր արտատարածքային կարգավիճակի մասին լուրերը պարբերաբար շրջանառվում են ԶԼՄ-ներում։ Սակայն Հայաստանի իշխանությունները բազմիցս մերժել են «միջանցքային տրամաբանության» շրջանակում բանակցությունների հնարավորությունը և պնդում են հարգել այն երկրի ինքնիշխանությունն ու իրավասությունը, որի տարածքով անցնելու են հաղորդակցությունները։