ՀՀ նախագահը Չեխիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահը և Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարը հինգշաբթի քննարկել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորությունները, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
Այդ համատեքստում ՀՀ նախագահը և Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետը կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական համագործակցության զարգացումը: Նրանց համոզմամբ` դրան մեծապես կարող են նպաստել գործարար համայնքի ներկայացուցիչների միջև հաճախակի շփումները:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս օրերին Երևանում մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները լուրջ հնարավորություններ կընձեռեն կողմերին՝ բարձրացնելու առևտրաշրջանառության ծավալները, մշակելու և իրականացնելու համատեղ գործարար ծրագրեր, ինչպես նաև խթանելու ներդրումները:
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների և քաղաքական երկխոսության ակտիվացումը, որի վկայությունն է Երևանում և Պրահայում Չեխիայի ու Հայաստանի դեսպանությունների հիմնումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում և ակտիվացած շփումները միջխորհրդարանական մակարդակում:
Հայաստանի և Չեխիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2012թ.-ին, ըստ Զարգացման հայկական գործակալության տվյալների, կազմել է $21,8 մլն։ Միաժամանակ արտահանումը Հայաստանից կազմել է $1.48 մլն, ներկրումը` $20,4 մլն։ –0--