Рейтинг@Mail.ru
USD
401.31
EUR
424.71
RUB
4.03
GEL
145.09

ՀՀ նախագահ. Թուրքիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ

18.09.2017, 11:35
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի բացմանը։
ՀՀ նախագահ. Թուրքիան շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Հայաստան–Սփյուռք վեցերորդ համաժողովի բացմանը։

«Մենք ստիպված ենք ապրել արգելափակման մեջ։ Չնայած մեր բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատված քաղաքական խիզախությանը՝ Թուրքիան հրաժարվեց կյանքի կոչել 2009 թվականին ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները: Ավելին, փորձեց Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելը այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»,– ասաց Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ հետ է կանչել արձանագրությունները Հայաստանի Ազգային ժողովի օրակարգից, ինչպես նաև հայտնեց այդ հարցի շուրջ իր դիրքորոշման անփոփոխության մասին։ Նրա խոսքով, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը, որն էլ ավելի սուր դրսևորվեց այդ ողբերգական իրադարձության 100–ամյա տարելիցի նախաշեմին, միջազգային հանրությունը և սփյուռքը պետք է հետևողական լինեն նոր ռազմավարության մշակման գործում։


«Աշխարհի շատ առաջատար երկրներ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են հպարտությամբ հռչակել իրենց հաղթանակը, և այդ հպարտությամբ կարող ենք աշխատել այդ երկրների հետ նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ»,– ասաց Սարգսյանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-