ՀՀ նախագահը հույս ունի, որ Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղի շուրջ պայմանավորվածության կհասնի
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սանկտ Պետերբուգում անցկացվող ղարաբաղյան գագաթնաժողովի ընթացքում կողմերը կկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին երկուշաբթի Սանկտ Պետերբուրգի օդանավակայան ժամանելուց հետո:
Երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԼՂ հիմնախնդրին նվիրված եռակողմ գագաթնաժողով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
«Ակնկալում եմ, որ Սանկտ-Պետերբուրգում մենք ի վերջո համաձայնության կգանք, և Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները, խախտումները սահմանին կդադարեն, և մենք կշարունակենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները», - ասել է Սարգսյանը:
Նա հիշեցրել է, որ վերջին տարիների փորձն ապացուցում է, որ բանակցային գործընթացն անցնում է քիչ թե շատ արդյունավետ այն ժամանակ, երբ կողմերը իրականացնում են իրենց պարտավորությունները: «Այսինքն, նրանց գործողությունները համահունչ են 1994-1995 թթ.-ի հրադադարի համաձայնագրի կետերին: Այդ մասին է վկայում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` մայիսի 16-ին Վիեննայում արած հայտարարությունը», - նշել է նախագահը:
Վիեննայում բանակցության մասնակիցները տարածաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեցին` 1994-1995 թթ.-ի համաձայնագրի ձևաչափով: Կողմերը պայմանավորվեցին, որ ԵԱՀԿ-ն հստակ քայլեր է ձեռնարկելու շփման գծում միջադեպերի հետաքննության համար, լուծելու է անհետ կորածների խնդիրը:
Ենթադրվում է, որ Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա երեք նախագահները միասին կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը:
Նախատեսվում է, որ հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պիեր Անդրիեն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:17 20.06.2016