Կառավարությունում, մասնավորապես փոխվարչապետերի մակարդակով, պաշտոնանկություններ չեն սպասվում. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունում, մասնավորապես փոխվարչապետերի մակարդակով, պաշտոնանկություններ չեն սպասվում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային»,– նշեց վարչապետը։
Նրա խոսքով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները խաղաղ են այնքանով, որ կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով:
«Բայց էլի եմ ասում՝ այդ խաղաղությունը երբեք ճահճային լռություն չի եղել և չի լինելու: «Քաղաքացիական պայմանագիրը» այն քիչ կուսակցություններից է, որտեղ մշտապես կա բանավեճ, մրցակցային մթնոլորտ, և մեր խնդիրն է՝ այդ մրցակցային մթնոլորտը պահել առողջ և քաղաքական տրամաբանության շրջանակում, ինչը և անում ենք», – ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, ինչի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։