Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Կառուցապատման իրավունքով տրվող հողը եղել է, կա և շարունակում է մնալ ՀՀ սեփականությունը. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին

14.11.2025, 15:23
Փաշինյանի խոսքով, կառուցապատման ինստիտուտի առանձնահատկությունն այն է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականություն, բայց հողը միշտ է լինելու ՀՀ սեփականությունը
Կառուցապատման իրավունքով տրվող հողը եղել է, կա և շարունակում է մնալ ՀՀ սեփականությունը. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Այն, ինչ մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք, այդ հողը եղել է, կա և շարունակում է մնալ ՀՀ սեփականություն։ 

Այդ մասին տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցերին, թե ինչպես է TRIPP Road ընկերությունն աշխատելու հողի վրա կամ ի՞նչ է ստանալու այդ հողի հետ հարաբերվելիս։ 

«Ստանալու է այն, ինչ մինչև հիմա նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ: Նախատեսված է մի ինստիտուտ, որը կոչվում է կառուցապատման իրավունք, որը մինչև հիմա Հայաստանում տասնյակ անգամներով կիրառվել է»,- ասաց Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ այս ինստիտուտի առանձնահատկությունն այն է, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո հողի վրա գտնվող գույքը դառնում է ՀՀ սեփականություն, բայց հողը միշտ է լինելու ՀՀ սեփականությունը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակում կառուցապատման իրավունքը նախատեսվում է ժամկետով, և այժմ քննարկվում է երկու սցենար՝ 99 տարվա և 49 տարվա:  

Վաշինգտոնյան հռչակագրի մասին   

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։