Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

ԼՂՀ–ում իրավիճակի սրման հավանական պատճառներից մեկն այն է, որ Բաքուն ցանկանում է խոչընդոտել Հայաստանի մուտքը ՄՄ. պաշտպանության նախկին նախարար

06.08.2014, 14:29
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հավանական պատճառներից մեկն այն է, որ  Բաքուն ցանկանում է խոչընդոտել Հայաստանի մուտքը Մաքսային միություն, կարծում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը։
ԼՂՀ–ում իրավիճակի սրման հավանական պատճառներից մեկն այն է, որ Բաքուն ցանկանում է խոչընդոտել Հայաստանի մուտքը ՄՄ. պաշտպանության նախկին նախարար
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հավանական պատճառներից մեկն այն է, որ  Բաքուն ցանկանում է խոչընդոտել Հայաստանի մուտքը Մաքսային միություն, կարծում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը։

«Հնարավոր է` դրանով Ադրբեջանը փորձել է Հայաստանում ներքին անկայուն վիճակ ստեղծել և խոչընդոտել Հայաստանի մուտքը Մաքսային միություն»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Շիրխանյանը։

Այլ հնարավոր պատճառների թվում Շիրխանյանը նշեց նոր նախարարի ինքնահաստատման հարցը և այն, որ Բաքուն փորձել է  ստուգել հայկական կողմի մարտունակությունը։

«Այնուամենայնիվ, հայկական կողմը մարտավարական տեսանկյունից արժանի հակահարված է տվել բոլոր ոտնձգություններին»,– ավելացրեց նա։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորացրել։ Այդ նիստի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Սակայն համապատասխան փաստաթղթերը դեռ չեն ստորագրվել:

Հուլիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ռուս դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, որ Հայաստանն արդեն ամենամոտ ժամանակում կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ:

Ավելի վաղ  ԶԼՄ-ներում տարածվել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովի հայտարարությունը, որ Հայաստանի՝ ԵՏՄ մտնելու մասին պայմանագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2014 թ.-ի հոկտեմբերին Մինսկում կայանալիք ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ:-0-